Մայրիկները հղիության ընթացքում համեմատաբար ավելի նիհար են, քան ծննդաբերությունից հետո, երբ սկսում են կրծքով կերակրել: Իրականում, կնոջ արտաքին տեսքը մեծ փոփոխությունների է ենթարկվում ծննդաբերությունից հետո: Ծննդաբերության ժամանակ կորում են հղիության ընթացքում ավելացած կիլոգրամների մի մասը՝ մոտ 6 կիլոգրամ, սակայն դեռ այդքան էլ մնում է: Հիմնականում դրանք ճարպային կուտակումներ են, որոնք կուտակվել են հղիության ժամանակ և որոնք կազմում են օրգանիզմի էներգետիկ պաշարը:
Ինչպես հայտնի է, հղի կնոջ օրգանիզմը ունի օգտակար նյութերի շատ մեծ պահանջ: Նույնիսկ ռացիոնալ սնվելու դեպքում մայրիկը երբեմն չի կարող այն լրացնել: Այդ պատճառով հղիության ընթացքում կուտակած պաշարները աստիճանաբար կծախսվեն կրծքով կերակրման ժամանակ: Ստացվում է, որ կրծքով կերակրող կանայք ավելի շուտ են ձեռք բերում իրենց նախկին տեսքը, քան այն կանայք, որոնք այս կամ այն պատճառով հրաժարվել են կրծքով կերակրելուց: Իհարկե, շատ դեպքերում հենց այդպես էլ լինում է, սակայն երբեմն կինը ավել քաշ է ձեռք բերում ծննդաբերությունից հետո, հատկապես համատեղելով բարձր կալորիակայնության սնունդը և պասիվ կյանքը: Կերակրող կնոջ օրգանիզմը տվյալ դեպքում հաճախ ենթարկվում է բնազդի` երեխան պետք է բավական կաթ ստանա: Լիարժեք և չափից ավել սննդի միջև ընկած սահմանները անհետանում են: Եթե մայրիկը չի չարաշահում սնունդը, նա կարող է վստահ լինել, որ հղիության և հետծննդաբերական շրջանի ընթացքում կուտակած բոլոր կիլոգրամները աստիճանաբար կանհետանան:
Բժիշկները խորհուրդ չեն տալիս պահպանել դիետա, քանի դեռ դուք չեք դադարել կրծքով կերակրել, քանի որ դուք զրկում եք ձեզ այն բոլոր օգտակար նյութերից, որոնք անհրաժեշտ են նաև փոքրիկին: Սակայն պետք չէ նաև չարաշահել սնունդը, քանի որ դա նույնպես օգտակար չէ ինչպես ձեզ, այնպես էլ ձեր երեխային: Եթե մայրիկը ուտում է շատ յուղոտ սնունդ, որպեսզի ավելացնի կաթի յուղայնությունը, ապա դա անօգուտ է, քանի որ բնությունը հոգում է, որպեսզի կաթի բաղադրությունը լինի օպտիմալ, այդ իսկ պատճառով պետք չէ դիմել արհեստական միջոցների: Ամբողջ ստացած յուղը կուտակվում է գոտկատեղի և կոնքերի շրջանում: Ավել քաշի դեպքում մայրիկը պետք է ընդամենը ուղղի իր սննդակարգը: Սննդակարգից պետք է հանել շատ յուղոտ մթերքները, հրուշակեղենը, շաքարը: Մրգային հյութերի փոխարեն ավելի լավ է ուտել մրգերը, նրանք պարունակում են նույնքան վիտամիններ և միներալներ, իսկ կալորիականությունը ավելի ցածր է:
Կերակրող մայրը որոշ ժամանակ պետք է սնվի կանոնավոր` 4-6 անգամ օրվա ընթացքում, միևնույն ժամերին: Սպիտակուցային սնունդը ավելի լավ է օգտագործել օրվա առաջին կեսին, իսկ կաթնային և բուսականը թողնել ընթրիքին: Վերջին անգամ պետք է սնվել քնելուց 2-3 ժամ առաջ: Կերակրող մայրը պետք է լավ հանգստանա, գիշերը նա պետք է քնի 7-8 ժամից ոչ պակաս, իսկ ցերեկը` 1-2 ժամ (նա կարող է քնել այն ժամանակ, երբ քնած է երեխան): Զբոսանքները նույնպես ցանկալի են, լավ կլինի, եթե ծննդաբերությունից հետո առաջին մի քանի ամիսներին հարազատներից որևէ մեկը օգնի լուծել կենցաղային խնդիրները: Եթե կա ցանկություն և հնարավորություն ավելի լավ է ազատ ժամանակը անցկացնել շարժման մեջ կամ զբաղվել հատուկ մարմնամարզությամբ, եթե ոչ, մի ստիպեք ձեզ, չէ որ կաթնաարտադրության լավագույն խթանը բարձր տրամադրությունն է և լավ ինքնազգացողությունը:
Դուք կկարգավորեք ձեր քաշը, երբ դրա ժամանակը գա: