Հեռ. +374 91 641 221

Ինչպե՞ս խուսափել մրսածությունից և հարբուխից աշնանը

Բոլոր մայրիկներն էլ գիտեն, որ աշնանը հարբուխը և մրսածությունը երեխաների շրջանում  հաճախ են կրկնվում: Սակայն աշնանը հասունանում են նաև մի շարք մրգեր, որոնք էլ կօգնեն փոքրիկի իմունիտետն ամրացնելու գործում: Այնպես որ աշնանը հարկավոր է կուտակել օրգանիզմին անհրաժեշտ վիտամինները, իսկ մրսածությունից խուսափելու համար հետևել մի շարք կանոնների:

Կանոն 1

Փոքրիկի իմունիտետն ամրացնող լավագույն միջոցը մայրական կաթն է: Այնպես որ, հնարավորինս երկար կերակրումը կրծքի կաթով փոքրիկի իմունիտետն ամրացնելու լավագույն միջոցն է:

Կանոն 2

Հարկավոր է, որ տան բոլոր անդամները  հետևեն հիգիենայի կանոններին, քանի որ շփման միջոցով են փոխանցվում ոչ միայն աղիքային ինֆեկցիաները, այլ նաև գրիպ և հարբուխ առաջացնող վիրուսները:

Կանոն 3

Շատ զբոսնեք: Զբոսնել կարելի է ցանկացած եղանակին, բացառությամբ այն դեպքերի, երբ ուժեղ քամի է կամ էլ ջերմաստիճանը -10 աստիճանից ցածր է:

Հիշեք՝ սակավաշարժությունը և մաքուր օդի պակասությունը թուլացնում են իմունիտետը:

Կարիք չկա փոքրիկին շատ տաք հագցնել զբոսանքի գնալիս. Երեխաների ջերմափոխանակությունը դեռ կատարյալ չէ, նրանք արագ գերտաքանում են, երբ վազում են, ապա քրտնում: Բայց կան նաև փոքրիկներ, որոնք արագ սառչում են: Ուստի մայրիկը փոքրիկին հագցնելիս պետք է հաշվի առնի նրա օրգանիզմի առանձնահատկությունները:

Կանոն 4

Փոքրիկի սենյակը հարկավոր է ամեն օր օդափոխել և օդը խոնավ պահել: Չոր և ոչ թարմ օդը կարող է հիվանդության պատճառ դառնալ, քանի որ նման օդը պարունակում է հիվանդածին ու ալերգածին միկրոբներ:

Բացի այդ, շնչուղիների լորձաթաղանթի չորության դեպքում ավելի հավանական է, որ վիրուսածին միկրոբները մնան շնչուղիներում:

Կանոն 5

Փոքրիկը պետք է նաև ճիշտ սնվի ու շատ հեղուկ օգտագործի: Ցանկալի է, որ փոքրիկի սննդացանկից բացառեք ֆաստֆուդը, երշիկեղենը: Փոխարենը հարկավոր է, որ փոքրիկը շատ օգտագործի թարմ մրգեր և հատապտուղներ:

Եվս մի քանի կանոն փոքրիկի առողջության պահպանման համար.

  • Հետևե՛ք փոքրիկի օրակարգին. հոգնած երեխայի իմունիտետը ցածր է
  • Կոփե՛ք փոքրիկին, նրա օրակարգում ներառե՛ք ֆիզիկական վարժանքներ (լողավազան, պարեր և այլն):
  • Հետևե՛ք, որ փոքրիկը քթով շնչի, ոչ թե բերանով, քանի որ քթով անցնելիս օդը հասցնում է տաքանալ:
  • Նվազագույնի հասցրե՛ք սթրեսները փոքրիկի կյանքում, քանի որ սթրեսը մանկական հիվանդությունների պատճառներից մեկն է: