Ինչպե՞ս հասկանանլ, թե որ վիտամիններն են պակասում մեր օրգանիզմում: Վիտամիններն օրգանիզմի համար կարևոր ֆունկցիաներ են կատարում, օրինակ՝
Այս ամենը միայն այն դեպքում, երբ վիտամիններն օրգանիզմ են մուտք գործում անհրաժեշտ քանակությամբ:
Երբ օրգանիզմն առողջ է, ապա մազերը փայլուն են և ունեն ամուր տեսք: Եթե մազերը նմանվում են այսպես ասած ցախի, չեն պահում սանրվածքի ձևը, խճճվում են, ունեն խամրած գույն, որին նույնիսկ սնուցող դիմակները չեն փրկում, ապա դա վիտամինային անբավարարության նշաններից մեկն է:
Գլխի չոր և քորվող մաշկը վկայում է վիտամին Е-ի պակասի մասին, իսկ եթե գլխամաշկի վրա առաջանում է դերմատիտ, ուրեմն, նաև ռետինոլի (վիտամին А) պակաս կամ В խմբի վիտամինների պակաս, որոնք օգնում են գլխամաշկի սնուցմանը և դեպի մաշկային ծածկույթ նյարդային ազդակների հաղորդմանը: Մազերի չափից դուրս յուղոտ լինելը ենթադրում է ռիբոֆլավինի պակաս, իսկ ուժեղ մազաթափությունը սովորաբար արդյունք է ֆոլաթթվի կամ վիտամին С-ի անբավարարության:
Թեփն առաջանում է В12 և В6 վիտամինների կամ չհագեցած ճարպաթթուների պակասի դեպքում: Բացի վերոնշյալից մազերը տուժում են հանքանյութերի, մասնավորապես՝ երկաթի և կալցիումի դեֆիցիտի դեպքում:
Առողջ եղունգները լավ են աճում և միագույն են, հարթ, իսկ հարեղունգային մասի մաշկը՝ բաց վարդագույն է՝ առանց ճաքերի և անհարթությունների: Եթե եղունգները ճկվում են, շերտավորվում և ճաքում, վատ են աճում և ունեն անգույն տեսք, դեղնում են, ապա դա, ամենայն հավանականությամբ, խոսում է վիտամին С-ի (ասկորբինաթթվի) պակասի մասին: Խոր անհարթությունները վկայում են վիտամին А-ի կամ վիտամին Е-ի անբավարարության մասին, իսկ եթե մատները թմրում են, ապա, ամենայն ավանականությամբ, պետք է լրացնել В խմբի վիտամինների պակասը:
Ընդհանրապես, մաշկը վիտամինային անբավարարության «հայելին» է:
Դեմքի մաշկի չորությունը, փոքր կամ մեծ կնճիռների առաջացումը, մաշկի գունատությունը հետևանք են վիտամին Е-ի կամ А-ի, ինչպես նաև նիկոտինաթթվի սակավության:
Մաշկի յուղոտությունը և թեփոտումը կարող է մատնանշել վիտամին В2-ի, կորյակային ցանը (ուգրիներ)՝ ճարպաթթուների և դրանց հետ մեկտեղ՝ նաև ճարպալուծ վիտամինների դեֆիցիտի մասին:
Եթե ալերգիկ և այլ տիպի դերմատիտներ հաճախ են պատահում, ապա դա կապված է В խմբի վիտամինների և վիտամին Н-ի (բիոտին) անբավարարության հետ: Վերջինիս դեֆիցիտի դեպքում կարող են մաշկի վրա առաջանալ հիպերպիգմենտացիայի դրսևորումներ, որոնք արտահայտվում են շագանակագույն բծերի, խալերի առաջացմամբ:
Մաշկի դեղնավուն երանգը խոսում է վիտամին В12-ի անբավարարության մասին:
Ազդրերի և ուսերի վրա չորության և սագամաշկի առաջացումը խոսում է վիտամին А-ի և Е-ի անբավարարության մասին, իսկ երկար ժամանակ չվերականգնվող կապտուկները, հատկապես՝ ծնկների և բազուկների շրջանում վկայում են մաշկի անոթային խնդիրների մասին՝ պայմանավորված վիտամին Р-ի և վիտամին С-ի դեֆիցիտով:
Մաշկի քորվող դերմատոզները՝ զուգակցված չափազանց շատ չորությամբ, առաջանում են В խմբի վիտամինների, հատկապես՝ В3-ի կամ В6-ի վիտամինային անբավարարության արդյունքում՝ յոդի անբավարարության հետ միասին:
Վիտամինային անբավարությունը հանգեցնում է նաև տեսողական խանգարումների, որոնք արտահայտվում են սովորաբար աչքերի առաջ կետիկների առկայծմամբ, հատկապես կտրուկ շարժումների դեպքում: Դա հիմնականում պայմանավորված է վիտամին D-ի դեֆիցիտով:
Մթնշաղային տեսողության (երբ մարդը վատ է տեսնում և կողմնորոշվում խավարի մեջ) թուլացման դեպքում սովորաբար չի բավարարում վիտամին А-ն:
Բացի այդ, նույն վիտամինների դեֆիցիտի ախտանշանները կարող են լինել աչքերի և կոպերի հաճախակի բորբոքումները, ինչպես նաև աչքերում ավազի և այրոցի զգացողությունը: Աչքերի տակ կարող են նաև առաջանալ նաև շրջանակներ: Այդ ժամանակ սննդակարգում պետք է ավելացնել Р և В խմբի վիտամիններ:
Ընդհանուր առողջություն. կան նաև վիտամինների անբավարարության բազմաթիվ այլ ախտանշաններ, որոնց մասին այս կամ այն կերպ ահազանգում է մարմինը: Օրինակ` շուրթերն ուժեղ չորանում են և ճաքճքում, բերանի անկյուններում հայտնվում են պզուկներ. բերանի խոռոչի լորձաթաղանթը գունատվում է, լնդերը կարող են արյունահոսել, լեզվի վրա առաջանում է ճերմակ փառ,ախորժակը խաթարվում է, այն կարող է լինել ընտրողական, կամ կարող է փակվել:
Վիտամինային անբավարարություն ունեցող մարդը հաճախ հիվանդանում է, արյան ճնշումը փոփոխվում է, ձեռքի մատների ծայրերը դողում են, երեկոյան ոտքերն այտուցված են, հաճախ կարող է առաջանալ գլխացավ, անքնություն, մարդը դառնում է դյուրագրգիռ, վատ է հիշում ամսաթվերը և իրադարձությունները: Այդ դեպքերում խոսքը չի գնում կոնկրետ մեկ վիտամինի դեֆիցիտի մասին, քանի որ վիտամիններից շատերն են մասնակցում նյութափոխանակության գործընթացին: Նման ախտանշանների առաջացման դեպքում պետք է խորհրդակցել թերապևտի կամ ընտանեկան բժշկի հետ և միայն նրա հետ ընտրել վիտամինային կոմպլեքսի տեսակը և ընդունման ձևը՝ հաբերով, պարկուճով կամ նույնիսկ ներարկման միջոցով: